-Գնանք Արփենիկ Չարենցի գերեզմանը տեսնենք,-ասում է ընկերս՝ Սուրենը:
Արփենիկ Չարե՜նց...
Ես չեմ տեսել նրան: Ոչ, տեսել եմ նրան: Տեսել եմ նրա էմալե պրոֆիլը մեդալիոնների ու կամեյաների մեջ, որոնց նկարները տպված են հին ու շքեղ հրատարակություններում: Նա երկարավուն դեմք ունի, հունական քիթ, խոշոր աչքեր, մազերը ողորկ և գնդաձև փաթաթված:
Գնում ենք Մլեր կոչված գերեզմանատունը, ուր հիմա Կոմիտասի անվան զբոսայգին է: Քարե ցանկապատից այն կողմ, հենց մուտքի դիմաց հասարակ, գորշ տուֆե մի շիրմաքար կա, վրան գրած՝ Արփենիկ Չարենց, ծննդյան ու մահվան թվականներով:
Նրան է Բակունցը նվիրել իր ամենաբանաստեղծական նովելը, նրան բանաստեղծություններ են նվիրել ուրիշները, նրա անունը ահա´ ինը տարի է դուրս չի գալիս քաղաքի մտավորական շրջանների զրույցներից: Կին, որ միակն էր գրողների աշխարհում՝ բարձրացած իր կոչման սովորական, կենցաղային հասկացությունից:
...Տարիներ անց Արա Սարգսյանն ինձ պատմելու է.
-Ես ներկա էի Արփենիկի թաղմանը: Նա հոյակապ կին էր: Չարենցը մի քանի օրով դուրս էր եկել Ուղղիչ տնից: Ձմեռ էր: Թաղման վերջին վայրկյաններին Չարենցը չոքեց, համբուրեց և ապա գրպանից հանելով մի կապույտ տետր, որն, անշուշտ, նոր գրած բանաստեղծություններ էին, գցեց բաց դագաղի մեջ: Այդ տետրը ծածկվեց ու թաղվեց Արփենիկի հետ, հողի տակ:
Հետաքրքիր է, չի՞ մնացել նրա տարբերակը...
Երևի՝ ոչ: Կամ՝ ի՜նչ իմանաս:
Հիմա չկա Արփենիկի գերեզմանը: Մեր այցելությունից մեկ-երկու տարի անց արդեն չկար:
Խե՜ղճ Արփենիկ, ուրախ, ժպտուն ակացիաների շուքի տակ ընկած տխուր գերեզմանով. որտե՞ղ ես հանգչում հիմա…
ՀրաչյաՀովհաննիսյան (1919-1997). «Ոսկե ամպ»
Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջ